25 մայիսի 2023 - 14:42 AMT
Պապիկյանը չի մեկնել Մինսկ` չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է «Ազատությունը»

Պատճառների մասին ռազմական գերատեսչությունում չեն նշել:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։ Նա չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ «հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»։ «Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել էր Զախարովան։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։