ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մայիսի 25-ին Մոսկվայում կայացած ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ասել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ապաշրջափակումը կսկսվի Մեղրիով երկաթուղու կառուցումից, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։
Նշվել է, որ եռակողմ հանդիպմանը կոնկրետ քայլեր են քննարկվել՝ ինչպես կառուցել երթուղին Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, որոնք անջատված են ՀՀ տարածքով, հայտնում է 1tv.ru-ն։
Նա հավելել է, որ Հայաստանի համար, համապատասխանաբար, ելք կբացվի դեպի Իրան, ՌԴ, ԵԱՏՄ։
«Այսինքն, պայմանավորվածությունները ներառում են ոչ միայն երթևեկությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, այլև հայերը կկարողանան միանգամայն հանգիստ իրենց բեռները տեղափոխել Ադրբեջանի տարածքով այլ երկրներ, ուր ուզեն»,- ասել է Օվերչուկը:
Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: