ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել է Մոսկվայի պահանջները Կիևի հանդեպ՝ խաղաղության հասնելու համար։
Մասնավորապես Գալուզինը հայտարարել է, որ Կիևը պետք է հաշվի նստի «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված տարածքային իրողությունների հետ»։
Նա հավելել է, որ Կիևը պետք է դադարեցնի մարտական գործողությունները, իսկ Արևմուտքի երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը, ինչպես նաև Ուկրաինան պետք է հրաժարվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։
Գալուզինն ասել է նաև, որ «համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակին վերադառնա։
Ըստ ռուսական կողմի, կարևոր տարր է նաև «ռուսաց լեզվի պետական կարգավիճակի ամրագրումն օրենսդրական մակարդակով»։
Նախկինում ՌԴ-ն չէր պահանջում Կիևից հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց և ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ։ 2022-ի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ դա «ռազմական կազմակերպություն չէ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի»։
Ուկրաինան մշտապես կրկնում է, որ պատերազմի դադարեցման միակ պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։