31 մայիսի 2023 - 15:25 AMT
Վիկտորին․ Ուզում եմ` ՀՀ-ն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է՝ ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։

«Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն միտված է կանանց պաշտպանությանը։ Ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել»,- նշել է նա՝ անդրադառնալով գենդերային հավասարությանը, գրում է Sputnik Արմենիան։

Դեսպանի խոսքով՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում։ Վիկտորինը շեշտել է, որ կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակեպություններ աջակցում են այն իրավունքերին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։

«Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լինել»,- հավելել է ԵՄ դեսպանը։

Անդրեա Վիկտորինը 2022 թվականի նոյեմբերին նույնպես ասել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան։ Դրանից հետո սոցցանցերում այս թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ էին սկսվել։

2018-ի հունվարի 18-ին ՀՀ–ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել։ Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան պարբերաբար թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացնում Հայաստանում։ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները կոչ էին արել չընդունել այն։