5 հունիսի 2023 - 13:55 AMT
Միրզոյան․ Սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, անդրադառնալով սահմանազատման խնդրին, հայտարարել է, որ սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։

Նա հավելել է, որ 2022-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները կրականացվեն ըստ Ալմաթիի հռչակագրի։

«Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։ Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելիները։ Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն 1975-ի քարտեզն է։ Հակառակ դեպքում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին», - ասել է ԱԳ նախարարը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել էր և հայտարարել, որ ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, «որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ»։