8 հունիսի 2023 - 16:01 AMT
Նախագիծ․ ՍՊԸ-ները կկարողանան եռամսյակը մեկ շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով ՍՊԸ-ներն իրավունք են ստանում եռամսյակը մեկ անգամ շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն, ասել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը սահմանափակում է ձևավորված շահույթն ընկերության մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն:

Նշվել է, որ օրինագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն, որը համապատասխանում է միջազգային փորձին և ընդունված գործարար սովորույթներին:

Ըստ Ռաֆայել Գևորգյանի՝ հարցը քննարկվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: