9 հունիսի 2023 - 18:23 AMT
ԱՄՆ սենատորները Բաքվին դատապարտող բանաձև են ներկայացրել

ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն հունիսի 8-ին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին, հայտնում է ԱՄՆ Հայկական համագումարը։

Նշվում է, որ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատում Ֆրենկ Փալոնի և Գազ Բիլիրակիսի կողմից, հայտնում է Factor.am-ը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի։ Շրջափակումտը ստեղծել է հումանիտար ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը կհստակեցնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Պադիլիան։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էլ նշել է, որ կանգնած է իր գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համակարգված է և նպատակ ունի փակել սննդամթերք, դեղորայք, տրանսպորտ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ Արցախ հասցնելու միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ ասելու Ադրբեջանին՝ վերջ տալ այս նպատակադրված հումանիտար ճգնաժամին»,-նշել է կոնգրեսականը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։