26 հունիսի 2023 - 16:26 AMT
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» երկրպագուները կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել են 2022/23 մրցաշրջանի թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սպերցյանը ստացել է ձայների 48․78%-ը։ Երկրորդը կոլումբիացի կիսապաշտպան Ջոն Կորդոբան է (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը՝ 8․34%։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ։

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն խաղացող է ճանաչվում երկրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի 23-ամյա խաղացողը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, ծնվել է Ռուսաստանում։ 2021-ից նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։ «Կրասնոդարի» կազմում նա մասնակցել է 41 հանդիպման և դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: