30 հունիսի 2023 - 16:31 AMT
Իտալական 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանով

Իտալական Ա Սերիայի 2 ակումբ հետաքրքվում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Նա ընդգրկված է «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում, գրում է «Սպորտ էքսպրեսը»։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի հեղինակ։

Նախորդ խաղաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։