Համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի կինը, որը բռնության և նվաստացումների ենթարկում անչափահաս դստերը, ներգրավելով իր մյուս երեխաներին, հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ ոստիկանությունում է։
«ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,– ասված է հաղորդագրությունում:
Համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արևշատյանն է, ունի 5 երեխա, գրում է MediaHub-ը։
Ըստ լրատվամիջոցի, «վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով»։
Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս ուսումնասիրում է երեխայի նկատմամբ մոր մասնակցությամբ բռնության տեսարանով տեսանյութը։
Պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը խնդրել է բոլոր տարածողներին ջնջել տեսանյութը իրենց էջերից, քանի որ դա ավելի է վնասում երեխային՝ ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:
«Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված», - գրել է նա: