8 սեպտեմբերի 2023 - 18:58 AMT
Հայաստանի հետ խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ են բաժանելու

Հայաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ են բաժանելու՝ մարզադաշտի նստատեղերի քանակով։ Նախաձեռնությունը իրականացվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, հայտնում է Factor.am-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։

Սեպտեմբերի 8–ին ժամը 22։45-ին թուրքական Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի ընտրանուն։

«Մեր երկրպագուները, որոնք 32 հազար թուրքական դրոշներով կլցնեն տրիբունաները, կրկին կաջակցեն «Մեր երեխաներին» (նկատի ունեն ֆուտբոլի հավաքականին), որոնք հպարտությամբ կրում են կիսալուսինն ու աստղանշանը կրծքին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներկայացվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված շոու։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։