29 ապրիլի 2009 - 23:30 AMT
ՀՀ ԱԺ խոսնակն առաջարկել է Դաշնակցությանը պահպանել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստում խոսնակ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից առաջարկեց Դաշնակցության ներկայացուցիչներին չլքել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները եւ ետ կանչել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարականների իրենց դիմումները:
ՀՅԴ մամլո քարտուղար Արեգ Սավբուլյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել, որ «հարցը դեռեւք քննարկվում է փակ դռների ետեւում եւ դեռեւս ոչինչ հայտնի չէ»:

Իրազեկ աղբյուրներից PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել, որ մի քանի րոպե առաջ քննարկումն ավարտվել է առանց որեւէ որոշում կայացնելու եւ կշարունակվի վաղը: Կուսակցությունն առավել հակված է պահպանել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, քանի որ մասնակցությունը, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի աշխատանքներին թույլ կտա Դաշնակցությանը վերահսկել եւ ժամանակին արձագանքել Հայաստանի համար կարեւորագույն մարտահրավերներին: Նման որոշման կայացման համար արդեն այսօր խոչընդոտ է դարձել հասարակության աչքերում կուսակցության իմիջը կորցնելու վտանգը: Քննարկունը կշարունակվի վաղը:

Ապրիլի 27-ին ՀՅԴ-ն պաշտոնապես հրաժարվեց կոալիցիային հետագա մասնակցությունից: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը զբաղեցնում է Հայաստանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, Արմեն Ռուստամյանը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, իսկ Արթուր Աղաբեկյանը` պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է: