10 հոկտեմբերի 2023 - 11:37 AMT
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետ

ՔՊ-ից Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է Երևանի նորընտիր ավագանու 37 անդամ, 32-ը կողմ է քվեարկել, 5 թեկնածու՝ դեմ:

Անվավեր քվեաթերթիկ չկար։

Ավինյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Երևանի ավագանու առաջին նիստին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ Քվորումն ապահովված էր։

Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։

Քվեարկությունից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկել է Երևանում «իշխանություն ձևավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին»։

Քվեարկությունը բաց է ընթացել։

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» չեն մասնակցել նիստին։ Նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին՝ բացառելու համար ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նոր ընտրությունների հասնելու նպատակով։

Մինչդեռ «Հանրային ձայն» կուսակցությունը, որի ղեկավարն է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, հայտարարել էր, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, այդ ուժի անդամները ներկա էին նիստին։

Ավագանու նիստի օրակարգում է նաև հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերը։

Նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ մի շարք նախաձեռնությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականցնում՝ դիմելով ոչ իշխանական ուժերին, հայտնում է «Ազատությունը»։

«Ձեր քաղաքական ուժին տրված վստահության քվեն պայմանավորված է եղել այդ ուժի ընդդիմադիր կեցվածքով և այն ակնկալիքով, որ չեք համագործակցելու և ձեր ձայները չեք օգտագործելու հօգուտ իշխանական ներկայացուցչի: Սույնով հիշեցնում ենք, որ մենք՝ ձեր ընտրողները, ներկայիս ռեժիմի հետ որևէ համագործակցության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հաղթանակին որևէ կերպ նպաստելու մանդատ Ձեզ չենք տվել»,–ասել են նրանք։