16 հոկտեմբերի 2023 - 18:29 AMT
Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին․ Ադրբեջանից պետք է պատասխանեն այդ հարցին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։

«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», - ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին, հայտնում է Aysor.am-ը։

«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», - հավելել է ԱԳՆ խոսնակը։

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

Photo. AP