30 ապրիլի 2009 - 21:43 AMT
«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» Սեւան քաղաքում կքննարկի բնապահպանական խնդիրներ
Մայիսի 1-ին Սեւան քաղաքում կկայանա Երկրի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման նախաձեռնողն է «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան», իրականացմանը նպաստում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Միջոցառման նպատակը բնապահպանական խնդիրների մասին երեխաների տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է եւ երիտասարդ սերնդի էկոդաստիարակության խթանումը: Միջոցառմանը կմասնակցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Միջոցառման շրջանակներում կցուցադրվի բնապահպանության թեմայով ֆիլմ, տեղի կունենան բնապահպանական խնդիրներին վերաբերող քննարկումներ Հայաստանի Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների, Գեղարքունիքի մարզային վարչության, դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների, ԲՈՒՀ-երի ուսանողների մասնակցությամբ:

Արդեն 6 տարի գործող «Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» ներկա պահին միավորում է 150 մարդ: Ասոցիացիայի նպատակը Էդմունդ Մասկի ծրագրի շրջանավարտների եւ ամերիկյան բուհերի շրջանավարտների միավորումն է երկրի զարգացման տարբեր ոլորտներում նրանց մասնակցությունը խթանելու համար:

Ապրիլի 22-ը որպես Երկրի օր է նշվում 1970թ.-ից: