26 հոկտեմբերի 2023 - 18:09 AMT
Ֆրանսիայի մշակույթի նախարար․ ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների բազա ունենք

Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնական հայց է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելելու Լեռնային Ղարաբաղի տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացվեն։

Նա նշել է, որ Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների բազա ունի, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարը նշել է, որ այսօր իր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։

«ԱԼԻՖ ընկերությունը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան, այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել», - ասել է նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Արցախի տարածքում։