Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որը հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Արցախի հայաթափման պատճառով:
Հարցին, թե կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքել է. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛», հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է՝ ամեն ինչ արվում է, որ համերգը կայանա։
«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - ասել է նա:
Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին։
ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր` Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար: