ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը խնդրել է հանել կազմակերպության գագաթնաժողովի օրակարգից օգնության մասին փաստաթուղթը։
Նա ասել է, որ հայկական կողմը, թեև բոլոր մյուս դաշնակիցները հավանություն էին տվել որոշմանը, ոչ մի հետաքրքրություն չի դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ավելին, մեր աշխատանքի ավարտական փուլում հայկական կողմը խնդրեց ընդհանրապես հանել փաստաթուղթն օրակարգից»,–ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ միջոցառումների տարեկան պլանից, որը 34 կետ էր պարունակում, չի կատարվել միայն երկուսը՝ ՀՀ–ին օգնության մասին որոշման լրամշակումը, վերոնշյալ պատճառով, և եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ շփումերի կետը՝ վերջիններիս դիրքորոշման պատճառով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։