19 դեկտեմբերի 2023 - 16:46 AMT
ԱՄՆ Պետդեպն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները

ԱՄՆ Պետական դեպարտամենտն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի ու իշխանության քննադատների ձերբակալություների մասին հարցին։

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալման վերջին միտումը խորապես մտահոգիչ է: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է, և մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում այն անձանց, ովքեր օգտվում են ազատ արտահայտվելու իրավունքից, ինչպես նաև շուտափույթ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են»,-ասել է Միլլերը։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես կոչ է արել ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին, հայտնում է Trend-ը։

«Մենք խորապես մտահոգված ենք Թոֆիգ Յաղուբլուի կալանավորմամբ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել Յաղուբլուին և բոլոր նրանց, ովքեր կալանքի տակ են հիմնարար ազատությունների իրացման համար»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Յաղուբլուից բացի, ձերբակալվածների թվում 8 լրագրող կա։ 2024–ի փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված։