5 մայիսի 2009 - 11:20 AMT
Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) արեւմտյան տարածաշրջանի տնօրեն Եղիշ Քեշիշյանը ելույթ է ունեցել Կալիֆոռնիայի Սենատում, որտեղ ընդգծել է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱՀՀ-ից:

Ելույթի ընթացքում Քեշիշյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչվել է ԱՄՆ 43 նահանգների եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: «Թուրքիայի մռայլ պատմության հետ համաձայնության գալու փոխարեն այդ երկրի ներկայիս ղեկավարությունը խոշոր գումարներ է վճարում լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի թույլ չտա Հայոց ցեղասպանության մասին քննարկումները ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսում, այլեւ Ամերիկայի ակադեմիական շրջանակներում»,- հայտնել է Եղիշ Քեշիշյանը:

Նրանից հետո ելույթ ունեցած Կալիֆոռնիայից սենատորներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Հաճելի է գիտակցել, որ Կալիֆոռնիա նահանգն ընկալումով է վերաբերվում ԱՄՆ մեկուկես հայերի խնդիրներին: Որպես Կալիֆոռնիա նահանգի սենատոր` ես արտոնություն ունեմ բարձրացնելու այդ հարցերը, այդ թվում` Հայոց ցեղասպանության հարցը: Մոտակա տարիներին ես կաշխատեմ այդ ուղղությամբ»,- հայտնել է Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ջո Սիմիտիանը: