Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%:
2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0․6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0․9% գնաճ, գրում է CivilNet-ը։
Դեկտեմբերին 2022–ի դեկտեմբերի համեմատ 4․8%-ով նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, թեպետ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է աննշան գնաճ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գներն աճել են 0․1%-ով։
Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Այն 2023-ի դեկտեմբերին կազմել է 3% նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ 2024–ին կունենանք աղքատության էական կրճատում։
Նա հիշեցրել է, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ: