11 հունվարի 2024 - 11:10 AMT
Ալիև․ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չենք բացի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։

«Մարդիկ ու բեռներn Ադրբեջանից Ադրբեջան (ՀՀ տարածքով Նախիջևան) պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Հակառակ դեպքում Հայաստանն ընդմիշտ կմնա փակուղի։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը բացել»,–ասել է նա, գրում է Interfax.ru-ն։

Նա հավելել է, որ այդպիսով, եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործարկվի, Հայաստանն «ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։

2024–ի մեկնարկին զուգահեռ Ադրբեջանում և Թուրքիայում կրկին սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա ավարտի ժամկետներ նշում։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։