5 մայիսի 2009 - 19:39 AMT
Nabucco նախագծի համար ֆինանսավորման աղբյուրներ կարող են չգտնվել
«Եվրոպական ինտեգրում» կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը, պատասխանելով Պրահայում Nabucco նախագծի մասնակիցների առաջիկա հանդիպման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարեց, որ Nabucco-ի իրական գործընթացը դեռեւս շատ աղոտ փուլում է գտնվում: «Եթե նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կունենա ավելի շատ հռչակագրային ձեւ, քան նման կլինի իրական փաստաթղթի»,- նշել է նա:

«Կան բազմաթիվ գործոններ, որոնց հետ կապված շատ հարցեր են ծագում: Օրինակ` ում գազն է ներմղվելու Nabucco-ի խողովակ, կամ էլ ով է ֆինանսավորելու նախագիծը»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով, աշխարհի ֆինանսատնտեսական իրադրությունը ստիպում է զերծ մնալ քաղաքական նախագծերում մեծ գումարներ ներդրելուց, որոնք տնտեսական հիմնավորում չունեն:

Համատեղ մամլո ասուլիսին մասնակցող Ալեքսանդր Մարկարովը համաձայնել է գործընկերոջ հետ` նշելով, որ ներկա պահին 8 միլիարդ ԱՄՆ դոլարը Եվրոպայի համար մեծ գումար է, եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մոտակա կես տարվա ընթացքում նախագիծը չի իրագործվի: