2 փետրվարի 2024 - 18:02 AMT
Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։

Նա նաև ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել, հայտնում է Արմենպրեսը։

«Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն Ալմաթիում նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: