Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Ուկրաինայից պայթուցիկի տարանցումն իր տարածքով դեպի Ռուսաստան։ Ընդհանուր 14 կիլոգրամ պայթուցիկը բաժանված է եղել 6 պայթուցիկ սարքի, որոնք պահված էին էլեկտրամեքենայի երկու մարտկոցում՝ յուրաքանչյուրում երեքական։ ։
Ըստ ծառայության, պայթուցիկի տարանցմանը մասնակցել է Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացի, հայտնում է Sputnik-georgia-ն։
Պայթուցիկ սարքերը ներկրվել են Վրաստան հունվարի 19–ին Ուկրաինայի քաղաքացու մինիվենով վրաց–թուրքական սահմանի «Սարպի» անցակետով։
Գործողության կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, ծնունդով Բաթումից Ալեքսանդր Շարաշիձեն է, որը 2020–ին պատգամավորի թեկնածու է եղել ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Քննությունը կարծում է, որ նա տեղյակ է եղել պայթուցիկի առկայության մասին, քանի որ ակտիվ հետևել է բեռի ընթացքին։
Պարզվել է, որ նշված պայթուցիկ սարքերն ու նյութերը Վրաստան են առաքվել Ուկրաինայի Օդեսա քաղաքից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ վերջնակետը ՌԴ Վորոնեժ քաղաքն էր։ Սկզբից որոշված է եղել բոլոր ռումբերը Վորոնեժ հասցնել, սակայն, պատվիրատուն ու մասնակիցները հետո փորձել են 3 ռումբը մարտկոցում անցկացնել, իսկ մյուս 3–ը՝ թողել են Թբիլիսիում՝ կոնկրետ հասցեում։
Սարքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր վեց սարքերն էլ արտադրվել են բարձրակարգ մասնագետի կողմից և նախատեսված են եղել մեծ շառավղով վնաս հասցնելու համար։