10 փետրվարի 2024 - 16:37 AMT
Գալուզին․ ՌԴ խաղաղապահների լիազորությունների երկարացման պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը, այդտեղ ռուս խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ։ Այդ մասին Գալուզինը խոսել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։

«Պետք է ասել, որ երկխոսությունը գործընկերների հետ միայն կառուցողական բնույթ է կրում։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխընդունելի կերպով։ Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025–ի նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանում իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին, այդ թվում՝ “ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Ընթերցեք նաև․ Գալուզին․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին