14 փետրվարի 2024 - 14:34 AMT
Երևանում ՀՀ և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստ կանցկացվի

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ–ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել համերգային ծրագիր «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Բոլկվաձեի կատարմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև Ս.Փարաջանովի հոբելյանի շրջանակում կինոյի ոլորտում համատեղ կինոփառատոն կազմակերպելու հարցին։ Նշվել է, որ կինոյի ոլորտը ակտիվ զարգացում է ապրում երկու երկրներում։ Կողմերը փոխանակել են տեղեկություններ իրենց երկրներում մշակույթի և մշակութային կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումների մասին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային կրթությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել համապատասխան կապեր ստեղծելու և փորձի փոխանակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։