17 փետրվարի 2024 - 11:20 AMT
Փաշինյանն ու Իրաքի վարչապետը կարևորել են բազմաոլորտ գործակցությունը

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամմեդ Շիա Սուդանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:

Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: