Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յեն Բորջի հետ։ Կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։
Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։
Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յեն Բորգի հետ հանդիպմանն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել։
44-օրյա պատերազմից հետո Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի և որ հակամարտությունն ավարտված է։ ՄԽ–ն կազմավորվել է 1992–ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով։