17 փետրվարի 2024 - 11:50 AMT
Ալիևը Մյունխենում ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել՝ այն «անցյալի մնացորդ է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպմանն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել։

«Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ մի շարք մեխանիզմների պաշտոնական չեղարկումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես, այնպիսի չգործող կառույցների, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը»,–ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ալիևն ասել է, թե ԵԱՀԿ բյուջեն կարող է առավել կարևոր նախագծերի համար օգտագործվել։

Նա նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, Ադրբեջանն ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։

44-օրյա պատերազմից հետո Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի և որ հակամարտությունն ավարտված է։ ՄԽ–ն կազմավորվել է 1992–ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով։