4 մարտի 2024 - 15:23 AMT
Պեսկով․ Փաշինյանի հետ շփում Պուտինի գրաֆիկում նախատեսված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, այս պահին ժամանակացույցով բարձր մակարդակի շփումներ չեն նախատեսված։ Բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։ Լավրովը նաև ասել է, որ ՀՀ կողմից Ռուսաստանի հետ մերձեցումն ի սկզբանե սխալ համարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայմանը։ Նա նաև ասել է, որ Երևանը «գիտակցված որոշում է» կայացրել՝ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։