ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ այնտեղ են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Այդ տեղեկությունը հաստատել է Զելենսկին՝ հավելելով, որ հարվածի հետևանքով կան նաև զոհեր։
Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ զոհվել է 5 մարդ, գրում է BBC-ն:
«Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք։ Նրանց համար միևնույն է` ուր հարվածել։ Կան զոհեր, վիրավորներ։ Իմ ցավակցությունները նրանց հարազատներին»,– ասել է Զելենսկին։
Առավոտյան Օդեսայում օդային հարձակման տագնապ էր հնչել։
Protothema թերթը, հղում անելով Հունաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական հրթիռն ընկել է այն վայրից ոչ հեռու, որտեղ այդ պահին եղել է Զելենսկին, իսկ Միցոտակիսը եղել է 150 մետր հեռավորության վրա։
Հանդիպումն անցել է ըստ նախատեսվածի։
Օդեսա Միցոտակիսի այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել։
Ավելի վաղ, ռուսական ԱԹՍ–ն հարվածել էր Օդեսայի բնակելի տներից մեկին, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Վնասազերծված ԱԹՍ–ների բեկորներից վնասվել են գազատարը, բնակելի տներ մասնավոր հատվածում։