7 մարտի 2024 - 12:01 AMT
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԻԻՀ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ հետ հարաբերություններին։

Նա ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա իր քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։

«Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իր տարածքի հանդեպ ինքնիշխանությանն աջակցելն է, ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը»,–ասել է նա։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները և այդ քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է, հայտնում է Mehr գործակալությունը։

Պապիկյանն իր հերթին ասել է․ «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրները նույն վերաբերմունքն ունենան տարածաշրջանի կայունությանը»։

Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: