11 մարտի 2024 - 11:05 AMT
Նեթանյահու. Իսրայելը բարոյական քարոզ չի լսի Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելին ուղղված մեղադրանքներին, հիշեցրել է նրան Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Պատերազմի օրենքներով առաջնորդվող Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է հայերի Հոլոքոսթը, սպանում քրդերին իր երկրում, ուր ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,- ասվում է գրառման մեջ:

Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Նեթանյահուի հասցեին Գազայի ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների համար և համեմատել նրան Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։