11 մարտի 2024 - 12:57 AMT
Զախարովա. Աֆրիկայում ձախողումից հետո, Ֆրանսիան հիմա էլ փորձում է Կովկասում խաղաղապահի դեր ստանձնել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան, Աֆրիկայում ձախողումից հետո, հիմա էլ փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի դեր ստանձնել, թեև այնտեղ Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացրել։

«Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, թե Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին Փարիզի ակտիվությունը Կովկասում «մի տեսակ փոխհատուցման» է նմանվում հանրային և քաղաքական գիտակցության մեջ։ Ըստ Զախարովայի, Փարիզի «էքսպերիմենտները» Կովկասում «իբր խաղաղապահ ջանքեր են ներառում», գրում է ՌԻԱ Նովոստին:

«Չէ որ մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ։ Մեր երկիրն է իր վրա վերցրել և կատարել ամբողջ խաղաղապահ դերը՝ նույնիսկ որպես միջնորդ ԼՂ կարգավորման համատեքստում։ Հիմա, երբ ամենադժվար փուլը ավարտված է, հուսանք, Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի սկսի նորից բորբոքել կրակը՝ այ հիմա, երբ ամենասարսափելին հետևում է, նրանք կարող են իրենց «ցույց տալ», - ասել է Զախարովան։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։