18 մարտի 2024 - 14:41 AMT
Փաշինյանը Տավուշում է․ Հանդիպում է Ոսկեպարի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Տավուշի մարզում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-ասվում է գրառման մեջ։

Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջին։ Նա հայտնել էր, որ հարցը տեղում քննարկելու նպատակով այցելելու է Տավուշ։

Փաշինյանն ասուլիսում ասել էր․ «Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասուլիսում ասել էր Փաշինյանը։

Նա չէր բացառել նաև, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից։