22 մարտի 2024 - 16:59 AMT
Սիմոնյանի խոսնակ․ Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, Նովիկովի հարցը չի քննարկվել

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն ասել է, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հանդիպում չի ունեցել Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Նա նշել է, որ միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձը Հայաստանի իրավիճակին:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստարան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ ապա Նելլի Ղուլյանը նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես նման բան չի քննարկվել:

Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նշվել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։