26 մարտի 2024 - 19:39 AMT
Աբրահամյան․ Եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե երկրի թիվ մեկ զինվորականը, ասում է «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը:

Իսկ կարո՞ղ է՝ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին: Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է՝ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:

Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» են ասելու, թե ես չէի ուզում քաղաքական իշխանությունը հանձնեց:

Համենայն դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա։ Իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», պատասխանել է․«Մենք հող հանձնող չենք»»

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։