28 մարտի 2024 - 14:07 AMT
ՀՀ-ն մոտ 30 տ մարդասիրական օգնություն կուղարկի Գազա

Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Օգնությունը կտրամադրվի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված անձանց։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասել է, որ օգնությունը կկազմի 29․94 տոննա՝ հիմնականում դեղեր ու մթերք, չոր սնունդ։

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է մոտ 19 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովելու համար։

Սարգսյանն ասել է, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել բոլոր պայմանավորվածությունները, բեռը կուղարկվի այնտեղ, որտեղից կհասցվի Գազայի բնակչությանը։

Հումանիտար օգնություն Գազա ուղարկելու մտադրության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո։