28 մարտի 2024 - 17:25 AMT
Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասուլիսում ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ ենք և զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում։

Նա այդպես է պատասխանել հարցին, որ, ըստ լուրերի, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ ու կարող են խնդիրներ առաջանալ, գրում է Panorama.am-ը։

«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք»,–ասել է նա։

Նա նշել է, որ զուգահեռաբար նաև Եվրամիության և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում։

«Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը։