29 մարտի 2024 - 13:42 AMT
ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ

ԵԱՏՄ երկրներում ռոումինգի սակագների արդարացի գնագոյացման կանոնները նախատեսվում է հաստատել մինչև 2024–ի ավարտը։ Այդ մասին ասվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով աշխատանքային խմբի նիստում։ Նիստն անցել է առցանց՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ:

Քննարկվել է հանձնաժողովի մշակած նախագիծը։ ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչն ասել է, որ արդարացի գնագոյացում ասելով, նկատի ունեն տեղայինին մոտ սակագինը։

«Ձգտում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից»,–ասել է նա։

Նշվել է, որ դեռևս մնում են բաց հարցեր՝ նախ պետք է որոշել այդպիսի թրաֆիկի ծավալ, ինչպես նաև այն, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։