1 ապրիլի 2024 - 16:42 AMT
Պեսկով․ «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը ՀՀ–ում ԱՄՆ-ի ճնշումների հետևանք է՝ աշխատում ենք շտկել իրավիճակը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ բանկերն ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման հետևանքով։

Նա հավելել է, որ շատ երկրներ են բախվում ԱՄՆ աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների, պատժամիջոցների սպառնալիքների, և, իհարկե, տնտեսական հաստատությունները՝ ընկերություններ, բանկեր և ֆինանսական այլ կառույցներ, միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար, գրում է ՏԱՍՍ–ը։

Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ ճնշումը չի նշանակում, թե «ռիսկերի նվազեցման և իրավիճակը շտկելու ուղղությամբ աշխատանք չի տարվում հայ գործընկերների հետ»։

Նա հավելել է, որ ՌԴ–ն ու Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի սպասարկման հետ կապված իրավիճակի շտկման ուղղությամբ, հայտնում է ՏԱՍս–ը։

«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է ամերիկացիների այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է Պեսկովը։

«Միրը» Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, որը գործում էր հայկական շուկայում մինչև մարտի 30–ը։ «Միրի» քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա» բանկի միջոցով։