8 ապրիլի 2024 - 18:42 AMT
Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը

Աշխատանքային այցով Շվեդիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը:

Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում։

Նա ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։