8 մայիսի 2009 - 18:19 AMT
ԱՀՀ վստահ է` Հայաստանը լուրջ զիջումների չի գնա հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցություններում
Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) չի կիսում հայ հանրության անհանգստությունն այն հաշվով, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է լուրջ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք ողջունում ենք ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունները: Դա նորմալ է, երբ հասարակության շրջանում այդ հարցերի առնչությամբ անհանգստություն կա: Բայց ես զարմանում եմ, որ մարդիկ քննադատում են ղեկավարության քայլերը միայն պատճառով, որ իրենց հայտնի չեն բանակցությունների մանրամասները կամ որ իրենք հավատում են թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններին»,- հայտնել է ԱՀՀ ներկայացուցիչը` ավելացնելով, որ չի հավատում այն ասեկոսեներին, որ Հայաստանն արդեն լուրջ զիջումների է գնացել կամ գնալու է:

Ինչպես նշել է Արփի Վարդանյանը, բանակցային գործընթացում կան մանրամասներ, որոնք չի կարելի բացահայտել: «Մենք չենք կարող Հայաստանի ղեկավարությունից պահանջել միանգամից պատմել մեզ բանակցությունների բոլոր մանրամասների մասին: Այդպիսի փորձառություն չկա, որ բանակցային գործընթացում գտնվող երկրները բացահայտեն բանակցությունների մանրամասները: Այդպիսի բան ոչ մի տեղ չի լինում»,- հայտնել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը:

Պատասխանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Վաշինգտոնում հանդիպելուց Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հրաժարվելու մասին հարցին` Արփի Վարդանյանը հայտնել է հետեւյալը. «Ինձ թվում է, որ ANCA-ի այդ քայլը սեփական դժգոհությունն արտահայտելու միջոց էր»: