Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում և հրապարակել իր ելույթը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։
«Ապրիլի 24–ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ֆրանսիան խոնարհվում է հալածանքների ենթարկված ժողովրդի հիշատակի առջև։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում»,–ասվում է գրառման մեջ։
Իր ելույթում Ատալն ասել է, որ Հայաստանը դիմացել է, նա կերտում է իր և իր ժողովրդի ապագան:
«Ուզում եմ խաղաղության և համերաշխության հույս հայտնել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում»,–ասել է նա։
Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։
Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։