22 մայիսի 2024 - 16:46 AMT
Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մատնանշել է ԻԻՀ և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ նշելով, որ Երևանի հետ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի քաղաքականությունը պետք է շարունակել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհբերի առաջնորդությամբ, գրում է Factor.am-ը՝ IRNA-ին հղումով։

«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է հաշվի առնել։ Մենք պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը»,- հավելել է այաթոլլա Ալի Խամենեին։

Անդրադառնալով երկու երկրի հարաբերությունների ռազմավարական բնույթի վերաբերյալ Հայաստանի վարչապետի շեշտադրմանը՝ Իրանի հոգևոր առաջնորդն ասել է. «Համագործակցության ընդլայնման իմ շեշտադրումը վկայում է հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, և երկու երկրներին առնչվող հարցերը պետք է խնամքով և զգուշությամբ մոտենալ»։

Փաշինյանը մասնակցում է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների վերջին հրաժեշտի և ցավակցություն հայտնելու պաշտոնական արարողությանը:

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։