Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
Դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Իրանը Հայաստանի համար շատ բարեկամ երկիր է և պետք է հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է՝ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունն ու կարիքը կա, և ինքը գիտի, թե ինչպես է պետք անել։
Սրբազանը նշել է, որ Իրանի հանդեպ իր ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իր ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։
Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։
«Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ սրբազանը։
Նրան ուղեկցում էին «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, արևելագետ Գուրգեն Մելիքյանը, դիվանագետ Ռուբեն Կարապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլք։
Մայիսի 23–ին տեղի կունենա զոհված իրանցի պաշտոնյաների հուղարկավորությունը։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։