15 մայիսի 2009 - 19:16 AMT
«Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում
«Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Մասնագետները հավատացնում են, որ վնասված արտադրամասում աշխատանքային ռիթմը հնարավոր կլինի վերականգնել մեկ ամսվա ընթացքում»,- նշել է Հայաստանի էներգետիկայի նախարարը: Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ գործարանի վնասված հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտ 150 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարը, նախարարի խոսքով, կհատկացվի գործարանի եւ բաժնետերերի միջոցներից:

Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ գործարանում պայթյունի պատճառները պարզ կդառնան համապատասխան աշխատանքներ անցկացնելուց հետո: Պայթյունի հնարավոր պատճառներից էներգետիկայի նախարարը նշել է տեխնիկական անսարքությունը: «Գործարանում կրակի բռնկման պատճառները կբացահայտվեն, որից հետո գործարանը կաշխատի նախկին ռեժիմով»:

Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ:

Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ:

Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները:

Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ:

Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են: