18 մայիսի 2009 - 14:56 AMT
Բաքուն կոպտորեն խախտել է Եվրատեսիլի կանոնները, թաքցնելով այն համարն, որով ադրբեջանցիները կարող էին քվեարկել Հայաստանի օգտին
Ադրբեջանցիները զրկված էին Եվրատեսիլ-2009 մրցույթում Հայաստանի երգի օգտին քվեարկելու հնարավորությունից: Եզրափակիչ փուլում, Ադրբեջանում միջոցներ էին ձեռնարկվել, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան քվեարկել Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ինչպես հաղորդել են մի խումբ ադրբեջանցի ինտերնետ-օգտվողներ, հեռարձակման ընթացքում էկրանի այն մասը, որտեղ գրվում էր այն հեռախոսահամարը, որով հեռուստադիտողները կարող են քվեարկել հայ մասնակիցների համար, փակվել էր:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի հանրային հեռուստատեսություն հաղորդել են, որ ՀՀՀ-ն տեղեկացված է ադրբեջանցիների ապօրինի գործողությունների մասին եւ բողոք է ներկայացրել Եվրատեսիլի կազմկոմիտե: Նշենք, որ Հայաստանը 1 միավոր էր տվել ադրբեջանցիների օգտին:

Քվեարկության արդյունքում Ինգա եւ Անուշ Արշակյանները երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում զբաղեցրել են 10-րդ տեղը: