20 մայիսի 2009 - 00:22 AMT
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահը կիսում է հայկական համայնքի հիասթափությունը Բարաք Օբամայից
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ (ANCA) Քեն Խաչիկյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում ԱՄՆ հայկական համայնքի անունից հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ նախագահը չէր կատարել իր նախընտրական խոստումը եւ չէր ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը : Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ANCA-ից: ANCA-ի նախագահը նամակում նաեւ մտահոգություն է հայտնել Հայաստանին ամերիկյան օգնության ծավալները կրճատելու եւ Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնությունից զրկելու ԱՄՆ վարչակազմի որոշման առնչությամբ:
ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության տրամադրման հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը 2010 ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել էր 8 մլն դոլար մարդասիրական օգնություն:
Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: